Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը

Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։

France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում: Նրա խոսքով` երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում հերքվում են Ադրբեջանի գործողություններով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը` նա հերքել է Բաքվի մեղադրանքները, թե իբր Փարիզը «կրակի վրա յուղ է լցնում», Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում սպառազինության ձեռքբերման համար։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կերպով կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Նա հավելել է, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը» չի թուլանում։

ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը.

«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»:

Վարչապետը հավելել է` եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։

Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»: Փաշինյանը միաժամանակ հաստատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարց օրակարգում չկա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print