ՀԷՑ-ի երկու աշխատակիցները էլեկտրական այրվածքներ են ստացել

Էլեկտրական հաշվիչի հետ աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել կարճ միացում։

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ «դեմքի շրջանի էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «դեմքի և վերին վերջույթների էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Բ․-ն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Կ․-ն է։

Վերջիններս նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Գեղհովիտ բնակավայրի թիվ 3-րդ տեղամասի 3436 ենթակայանում էլեկտրական հաշվիչի հետ աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած կարճ միացման հետևանքով ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մանուկ Բ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի էլկետրամանտյոր տեսուչ, իսկ Գոռ Կ․-ն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» տեղամասի Մարտունու մասնաճյուղի իրացման բաժնի ճարտարագետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print