ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ միջադեպի վերաբերյալ երկու հաղորդում են ստացել, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
Մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում` հեռուստատեսային բանավեճից հետո, միմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Հրապարակ» օրաթերթին։
«Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»,– գրել է լրատվամիջոցը։
ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ երկու հաղորդում են ստացել, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
«Հրապարակի» փոխանցմամբ` Սուրեն Սահակյանը հաստատել է տեղեկությունը, ասել, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում` բանավեճի ժամանակ, Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ Արեգ Քոչինյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել։
Քաղաքագետները Հանրային հեռուստաընկերության՝ «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։