Նախագծում կատարվող առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում, «ուղեղի մահ» հասկացությունից բացի, ամրագրել նաև «կենսաբանական մահ» հասկացությունը:
Գործող «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, որից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների, ուստի օրենքի և ոլորտային այլ օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև փոխպատվաստման ոլորտում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով մշակվել է նոր նախագիծ, որն Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Նախագծում կատարվող առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում, «ուղեղի մահ» հասկացությունից բացի, ամրագրել նաև «կենսաբանական մահ» հասկացությունը:
Արմեն Գասպարյանի խոսքով՝ ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում:
Նախագծով սահմանվել են նաև կենդանի դոնորների իրավունքները, համաձայն որոնց՝ վերջիններս օրգանական հյուսվածքը վերցնելուց հետո իրավունք ունեն գտնվել շարունակական դիսպանսեր հսկողության մեջ:
Վերանայվել են նաև կենդանի դոնորության շրջանի սահմանափակումները: Փոփոխության համաձայն՝ անձի 65 տարին լրանալը կամ հաշմանդամություն ունենալը այլևս խոչընդոտ չի լինի։