Գերմանիան Ուկրաինային Taurus հրթիռներ չի մատակարարում. Շոլց

Շոկցն ասել է, որ թևավոր հրթիռը, որի հեռահարությունը 500 կիլոմետր է, կարող է հասնել Մոսկվա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը հիմնավորել է Մոսկվայի թիրախներին հնարավոր հարվածով, գրում են գերմանական լրատվամիջոցները։

Դրեզդենում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ նա ասել է, որ թևավոր հրթիռը, որի հեռահարությունը 500 կիլոմետր է, զենք է, «որը, եթե սխալ օգտագործվի, կարող է հասնել որոշակի թիրախի՝ ինչ-որ տեղ Մոսկվայում»։

Անդրադառնալով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որոնք, ի տարբերություն ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ արդեն իսկ Ուկրաինային թևավոր հրթիռներ են մատակարարել, Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի դեպքում դա կնշանակի նաև գերմանացի զինվորականների մասնակցություն հրթիռների արձակմանը։

«Ես կարծում եմ, որ դա անհնար է»,- ընդգծել է պաշտոնյան: Կանցլերը հավելել է, որ իրեն զայրացնում է քննադատությունը, քանի որ անտեսվել է այն փաստը, որ Գերմանիան Ուկրաինային ավելի շատ զենք է մատակարարում, քան բոլոր մյուս երկրները։

Գերմանիան այս տարվա բյուջեով 7 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինա զենքի մատակարարման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print