Այսօր մայրաքաղաքում մեկնարկել է «Expo Russia–Armenia 2022» միջազգային իններորդ արդյունաբերական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։
Ցուցահանդեսին ներկա էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով բացման արարողությանն ընթերցեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը։
ՌԴ ԱԳ նախարարն իր ուղերձում նշել է, ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է՝ վստահություն հայտնելով, որ միջոցառումը արդյունավետ կլինի, կնպաստի հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը։
«Զգալի եկամուտներ է բերում նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի համատեղ իրացումը։ Այս առումով ձեր գործարար հավաքը օրգանապես լրացնում է երկկողմ գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերը», – նշել է Լավրովը։ Միջոցառման նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։ Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, էներգետիկայի նախարարության, կրթության և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո: