ՍԱՏՄ-ն՝ «Մաքս Ֆիշ» -ի ձկնկիթի հետ կապված խնդրի մասին

Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (այսուհետ՝ Ռոսսելխոզնադզոր) ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Ըստ նրա՝ սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է:

«Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»»,-պարզաբանել են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները: Հարությունյանի խոսքով՝ տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Ըստ ՍԱՏՄ-ի՝ «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել: Նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին։ Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված ձկնկիթի մատակարարումները: Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Հավելենք, որ Factor.am-ն այսօր զրուցել էր նաև «Մաքս Ֆիշ» ընկերության ներկայացուցչի հետ։ Ընկերությունից պարզաբանել էին, որ իրենց համար դեռ պարզ չէ՝ արգելքը վերաբերում է միայն ձկնկիթին, թե նաև ձուկ չեն կարող արտահանել։ «Մաքս Ֆիշ»-ից նաև նշել էին, որ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, բայց մինչ այդ ընկերության ներկայացուցիչը շեշտեց, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ են տեսնում: «Ուրիշ հարց չկա, զուտ երկրների՝ Հայաստան- Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրներն են, քանի որ այլ մթերքների դեպքում էլ եղան՝ կաթնամթերքի, «Ջերմուկ»-ի»,- նկատել էր մեր զրուցակիցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print