Հոկտեմբերի 5-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
Գորիս քաղաքում դեսպանին և ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին հյուրընկալել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Հանդիպման ընթացքում մարզպետը հյուրերին ներկայացրել է սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարզում առաջացած խնդիրները, քննարկվել են հրետակոծության հետևանքներին, անվտանգային, կրթական, առողջապահական հարցերին, ենթակառուցվածքներին ու մարզի կարիքներին առնչվող մի շարք թեմաներ։
Անն Լույոն կարևորել է Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախատեսված համագործակցությունը, որի համար գործնական հիմքեր ստեղծելու ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում․ մարզպետի հետ քննարկվել են առաջիկայում մեկնարկող համագործակցության հնարավոր ուղղությունները։
«Պարտավոր ենք աջակցել, առհասարակ, ՀՀ բոլոր մարզերին, բայց ես խորհուրդ եմ տվել շեշտել հատկապես Սյունիքը, որովհետև նրա ներկայիս մարտահրավերներն առանձնահատուկ են», – ասել է դեսպանը։
Այցի շրջանակում Ֆրանսիայի դեսպանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մարզպետի ու համայքնի ղեկավարի ուղեկցությամբ տեսակցել են հրետակոծությունից տուժած ընտանիքներին, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում վիրավորված Գորիսի խաղաղ բնակչին։