Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել 22-ամյա նորակերտցուն, ինչից հետո 24-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է:
Մարտի 10-ին` ժամը 16:53-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Օշական գյուղի բնակիչ 42-ամյա Նորիկ Բաքոյանի դիակը:
«Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ մարտի 10-ի ժամը 15.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշակոթողի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության է եղել մի կողմից՝ մահացածի, նրա 19-ամյա որդու և մյուս կողմից՝ 24-ամյա համագյուղացու և նորակերտցի 22-ամյա երիտասարդի միջև: Հայր և որդի քարերով և փայտով ծեծի են ենթարկել 22-ամյա նորակերտցուն, ինչից հետո 24-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է: 19-ամյա և 22-ամյա երիտասարդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
24-ամյա օշականցի երիտասարդը հայտնաբերվել, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:
Մարտի 10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նորիկ Բաքոյանի 19-ամյա որդին բռունցքներով հարվածել և վնասել է հիվանդանոցի գույքը: Այս փաստով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: