ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Թասմաղամբետով

Քարտուղարությունը պարբերաբար Երևանի համապատասխան կառույցներին տեղեկացնում է ընդունած և ընդունվող որոշումների մասին։

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Երևանն իսկապես վերջերս չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին ամբողջությամբ համապատասխան: Քարտուղարությունը պարբերաբար Երևանի համապատասխան կառույցներին տեղեկացնում է ընդունած և ընդունվող որոշումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել», – ասել է Թասմաղամբետովը։ 

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի հետ սահմանին 2021-ին և 2022-ին սրման ժամանակ։  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումը Երևանի հետ՝ պարզաբանելու Փաշինյանի հայտարարությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print