Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն հանդիպել են

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ:

Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը: Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացը հանրաճանաչ սկզբունքների՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության հիման վրա կյանքի կոչելու հարցում ՀՀ հետևողական մոտեցումը:

Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի, առաջիկա միջոցառումների և գործընկերության հետագա զարգացման հարցերի շուրջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print