Հայկական ցուցահանդեսը Նիդեռլանդներում լավագույնն է ճանաչվել

Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության տարվա լավագույն ցուցադրությունը ճանաչվել է «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը, այն ստացել է առաջին մրցանակ։ Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում ՀՀ և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում, որին մասնակցել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Հայկական ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ օջախներ, զենքեր, զարդեր, Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ, Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 30-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print