Ֆիզիկական անձինք փոստով կամ այլ փոխադրողի միջոցով առաքանին ստանալու համար այլևս չեն այցելում մաքսային մարմին

Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ առևտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում և իրազեկում իրենց հաջորդական քայլերի մասին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանու՝ մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

«Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն, և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն առաքանին ստանալու համար այցելելու մաքսային մարմին։ Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու և հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։ Իսկ եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո  ֆիզիկական անձինք առաքանին ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ առևտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում և իրազեկում իրենց հաջորդական քայլերի մասին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print