Ավտոբուսի վարորդը պատրաստվում է բողոք ներկայացնել իրավապահներին։
22 համարի ավտոբուսում կին ուղեւորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդ Ավետիք Պարսամյանի գլխին։ Ճակատի շրջանում վարորդը ստացել է մարմնական վնասվածք։ Վեճն արձանագրել է «Հրապարակ»-ի նկարահանող խումբը։
«Ուղեւորը հարվածել է գլխիս՝ իր ուզած տեղը կանգառ չկատարելու համար, վկաները կարող են փաստել։ Ժողովուրդ ջան, եկեք պատմեք, թե ոնց խփեց գլխիս։ Խի, որ ուղեւորի ուզած տեղը վարորդը չի կանգնում, պիտի ընթացքում վարորդին հարվածե՞ն, խի սա անելու բա՞ն ա»,-պատմել է վարորդը։
Նա նշել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել իրավապահներին։
Դեպքի վայր են են եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանները, որոնց կին ուղեւորը, որն ի դեպ մանկահասակ երեխայի հետ էր, ասել է, թե մինչեւ ավտոբուս բարձրանալը վարորդին հարցրել է՝ այդ տրանսպորը գնու՞մ է Մաշտոցի պողոտա, ասել են՝ այո, բայց վարորդը չի գնացել, ինչն էլ դարձել է վեճի պատճառ։
Վարորդ Պարսամյանը պնդում է հակառակը՝ ուղեւորը չի հարցրել։ Ոստիկանները կնոջը տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին։