«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին և անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ լրամշակվել է, կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է և իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված նախագիծը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է լրամշակված նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը՝ նշելով սակայն որոշ մասեր վերանայելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին և աշխատել նախագծի վրա: Հեղինակն ընդունել է առաջարկը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: