Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը խաղաղության գործընթացին. Փաշինյան

Պարոն Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ Կառավարության տեսլականը և մոտեցումները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա. այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ թեմայի վերաբերյալ մեր պատկերացումները ամբողջացնող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք մինչև օրս դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից»,- ասաց վարչապետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print