Ալիևի հայտարարությունից հետո արցախցիները բողոքի ցույց են անում

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք արցախցիներ հանդես են եկել բողոքի ցույցով։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ցույցի պատճառը Պրահայում Իլհամ Ալիևի հայտարարությունն է, մասնավորապես՝ Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են։

Ցույցի նախաձեռնողները նշել են,որ հավաքի գլխավոր նպատակն արցախահայության հստակ և անզիջում դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելն է։ Նրանք շրջափակել են նախագահական նստավայրի մուտքը՝ պահանջելով հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

«Չենք ընդունի ոչ մի փաստաթուղթ, որն  Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Պատրաստ ենք շարունակել պայքարը անկախության ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար»,-ասել է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը :

Վերջինիս խոսքով Ալիևի հայտարարությունը նշանակում է ոչ այլ ինչ, քան էթնիկ զտում, որը փաստում են հայ ռազմագերիների դաժան սպանությունները, կանանց մարմինների խոշտանգումը, խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print