Թունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:
Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝
- գլխացավ, ցրվածություն,
- գիտակցության մթագնում,
- սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
- յուրահատուկ հոտով շնչառություն,
- հաճախասրտություն,
- շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն,
- դյուրագրգռվածություն,
- աչքերի գրգռվածություն,
- մաշկի վնասվածք՝ խոցեր,
- մեզում/կղանքում արյան հետքեր:
Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝
1) Շնչառական ուղիներով`
- վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),
- առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:
2) Մաշկի միջոցով՝
- թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,
- թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,
- աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:
3) Մարսողական համակարգի միջոցով՝
- թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,
- թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,
- օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,
- թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,
- այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:
Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով: