Բացահայտվել են շուրջ 250գ. քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման դեպքեր

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից ձերբակալվել են Կապան քաղաքի 46-ամյա բնակչուհին և Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների սերտ համագործակցությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխելու և իրացնելու դեպքեր:

2024թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվողքրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 98.8 և 86.7 գրամ կշռով սպիտակ բյուրեղանման զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 18-ին` ժամը 21:10-ին, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ։

Ձերբակալման ընթացքում վերջինս գցել է իր մոտ եղած բյուրեղանման զանգվածը, սակայն այն հայտնաբերվել և վերցվել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածն իր հերթին տնայնագործական եղանակով պատրաստված, 71.35 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Իրականացված ապացուցողական, վարութային և գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ թմրամիջոցը Երևան քաղաքի բնակչին իրացրած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի 46-ամյա բնակչուհի է: 

2024 թվականի մարտի  19-ին ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից վերջինս Երևան քաղաքում ևս ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին:

Քննությամբ պարզվել է, որ վերջինս սույն թվականի փետրվար ամսին առևտրի նպատակով մեկնել է Իրան, որտեղ ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ։ Վերջինս նրան փոխանցել է կպչուն ժապավենով փաթաթված, սպիտակ գույնի զանգվածի պարունակությամբ փաթեթ՝ Երևան տեղափոխելու և ԻԻՀ քաղաքացու կողմից մատնանշված անձին փոխանցելու նպատակով: Կինը, տեղյակ լինելով, որ փաթեթում առկա է թմրամիջոց, գումար վաստակելու նպատակով, համաձայնել է առաջարկին և իրականացրել այն:

Դրանից հետո ևս մեկ անգամ՝  մարտ ամսին, կինը մեկնել է Իրան, կրկին նույն անձից ստացել թմրամիջոցի նոր խմբաքանակ, որը մաքսային կետով գաղտնի անցկացնելուց հետո՝ 2024թ. մարտի 17-ին, թմրամիջոցով փաթեթն այլ անձի փոխանցելու նպատակով, Կապան քաղաքից ժամանել է Երևան, որտեղ էլ մարտի 19-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից և ներկայացվել նախաքննական մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապանի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:        Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print