Ոստիկանության Նոր Նորքի շենք ներխուժելու փորձի ժամանակ վիրավորում ստացածները այն կատարած տղամարդիկ են, «Ազատության»-ը տեղեկացրեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Վիրավորները, նրա հաղորդած նախնական տվյալներով, տուժել են իրենց իսկ գործողություններից:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վիրավորներն ունեն ստորին վերջույթի բեկորային վնասվածքներ, նրանց առողջապական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Ազատության» տեղեկություններով՝ բեկորային վնասվածք ստացած 52-ամյա և 56-ամյա տղամարդիկ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանության վարչական շենք 3 հոգի ներխուժման փորձ է կատարել այսօր ժամը 17։00-ի սահմաններում։ Այս պահին հայտնի չէ նրանց ինքնությունը։
Ոստիկանությունից հայտնել են, որ այս պահին մեկ հոգի զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են նրան վնասազերծելու աշխատանքներ։