Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի նման ու տարբեր ծրագրերը․ սպորտ, հանքարդյունաբերություն, տուրիզմ

Սաուդյան Արաբիան վերանայել է իր չօգտագործված հանքային ռեսուրսների գնահատումը, ներառյալ ֆոսֆատները, ոսկին և հազվագյուտ հողային տարրերը, դրանք գնահատելով մինչև 2,5 տրիլիոն դոլար՝ 2016 թվականի 1,3 տրիլիոն դոլարի կանխատեսման դիմաց․ այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի հանքարդյունաբերության և արդյունաբերության նախարար Բանդար Ալ-Խորայեֆը՝ Ռիադում կազմակերպված Համաշխարհային պաշտպանության ցուցահանդեսում, գրել էր Reuters-ը։ 

Հրապարակման մեջ նշվում է, որ հանքարդյունաբերությունը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի՝ Ալ Ռիադի հեռահար նպատակների մաս է, որի համաձայն երկիրը նպատակադրվել է կառուցել այնպիսի տնտեսություն, որը մեծապես չի ապավինելու միայն նավթարդյունաբերությանը, այլ ներառելու է ֆոսֆատի, ոսկու, պղնձի և բոքսիտի հսկայական պաշարների յուրացում։

Հրապարակման համաձայն՝ Սաուդյան Արաբիան նաև նախատեսում է այս տարի օգտակար հանածոների հետախուզման ավելի քան 30 լիցենզիա տրամադրել միջազգային ներդրողներին։

«Նրանք ուզում են զուգահեռ զարգացնել իրենց տնտեսության մեջ մեքենաշինությունը, սարքաշինությունը և այս ոլորտների համար հումք է պետք։ Պղնձի, երկաթի և այլ հանածոներ ունեցող երկրները աշխատում են ոչ թե դրանք ներկրել, այլ տեղում օգտագործել»,- Iravaban.net-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Reuters-ի հրապարակման համաձայն՝ Ալ-Խորաեֆը նշել է, որ գնահատման 10% աճը պայմանավորված է հազվագյուտ հողային հանքանյութերի ավելացմամբ, որոնք կարևոր են էլեկտրական մեքենաների և բարձր տեխնոլոգիական արտադրանքի համար․ «Մենք հավատացած ենք, որ ներկայումս մեր պահուստային ներուժն աճել է 90%-ով»։

Ալ-Խորայեֆը նախկինում նաև հայտարարել էր, որ նախատեսվում է հետախուզական և արդյունաբերական գործունեությունից անցնել վերամշակման և արտադրության աշխատանքների: Ի տարբերություն սրան, Հայաստանն այնքան էլ հակված չէ երկրում զարգացնելու հանքարդյունաբերության ոլորտը։

«Երկրներ կան, որ երկրորդային նշանակության հումքով են աշխատում, օրինակ՝ եվրոպական մի շարք հայեցակարգեր կան, որոնք ստիպում են, որ երկրները հումքի մոտավորապես 50 տոկոսն օգտագործեն։ Օրինակ, եթե արտադրվում է 50 տոննա երկաթ, ապա դրա 25 տոննան պետք է նորից օգտագործվի: Այսինքն, աղբի վերամշակման խնդիր են դնում»,-նշում է Սուրեն Պարսյանը։

Հասմիկ Հարությունյան, հանրային կապերի և մարքեթինգի մասնագետ

Iravaban.net-ի հետ զրույցում հանրային կապերի և մարքեթինգի մասնագետ Հասմիկ Հարությունյանը նշում է, որ Սաուդյան Արաբիան, լինելով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը՝ մրցակցում է հարևան մի շատ երկրների հետ ու հատկապես Քաթարի հետ և ցանկանում  նմանվել Քաթարին ու նաև անցնել նրան: 

Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ այժմ Սաուդյան Արաբիան գնում է նույն ճանապարհով՝ ցանկանալով իրենց երկրում նույնպես անցկացնել լուրջ մեգանախագծեր: Համաձայն մշակած ռազմավարության մինչև 2030 թվականը Սաուդյան Արաբիան պետք է դառնա  աշխարհի զբոսաշրջային կենտրոններից մեկն ու տարեկան ընդունի 150 մլն զբոսաշրջիկի․ զբոսաշրջությունը Սաուդյան Արաբիայի տնտեսության ընդամենը 10 տոկոսն է կազմում:

Զուգահեռ սրան, Սաուդյան Արաբիայի հանքարդյունաբերության և արդյունաբերության նախարարն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան կարող է հարմար վայր լինել տարբեր օգտակար հանածոների մշակման համար․ «Քանի որ տեսնում ենք, որ այստեղ մշակվում են Աֆրիկայում արդյունահանվող օգտակար հանածոները»:

Ստացվում է, որ տուրիզմն ու հանքարդյունաբերությունը կարող են նաև համատեղվել։ Շատ մարդիկ կարծում են, թե հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում բնությանը, նման վայրերում առկա է քաղցկեղով հիվանդացության բարձր հավանականությունը, ինչն իրականում գիտականորեն ապացուցված էլ չէ (Օնկոլոգիական հիվանդությունների առաջացման պատճառները կապված չեն բնակավայրերի տնտեսական ուղղվածությունների հետ), զբոսաշրջիկները չեն ցանկանում նման վայրեր այցելել և այլն։ 

Սուրեն Պարսյան, տնտեսագետ

Խոսելով հանքարդյունաբերության ճիշտ կազմակերպման մասին՝ Սուրեն Պարսյանը նշում է շրջանային տնտեսության մասին, որն այժմ ժամանակակից ուղղություններից մեկն է։ Հայաստանը ևս միացել է դրան և պետք է որոշակի քայլեր անի։ 

«Հանքարդյունաբերության և կայուն տնտեսության, կանաչ տնտեսության կապողը կարող է շրջանային տնտեսությունը լինել։ Այսինքն պետությունը պետք է գումար դնի հումքի, մետաղների վերամշակման ուղղությամբ, որ բնությանը վնաս չհասցվի։ Պետությունը ևս պետք է քայլեր իրականացնի պոչամբարներում կուտակված հանքանյութի վերամշակման համար։ Մենք ունենք տասնյամյակների կուտակված հանքանյութ, որոնց մեջ կա ոսկի, պղինձ և այլն․ դրանց վերամշակումը ծախսատար է, բայց պետությունը կարող է դա սուբսիդավորել և այնուամենայնիվ դա արվի, որ շատ պոչեր չկուտակվեն։ 

Պայմանական․ ենթադրենք մեկ տոննա հանքանյութի մշակման համար պետք է 5000 դոլար ծախսվի և դրանից ստացվի 2000 դոլարի օգուտ, պետք է պետությունը սուբսիդավորի այդ 3000 դոլարը, որպեսզի պոչամբարը վերացվի։ Այս ուղղությամբ պետք է քայլեր արվեն»,-բացատրում է մասնագետը։ 

Թե հանքարդյունաբերության վերաբերյալ, թե յուրաքանչյուր երկրում գործող այլ ոլորտների մասին մի շարք միֆերն ու կարծրատիպերը պետք է կոտրվեն այնպես, ինչպես օրինակ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է կոտրում իր գնդակի հարվածներով։ Նա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի տուրիզմի դեպարտամենտի հետ․ ըստ New York Times-ի գործարքն արժեցել է 25 միլիոն դոլար

«Եթե կհիշեք՝ տարիներ առաջ մամուլում մենք կարդում էինք լուրեր Սաուդյան Արաբիայում կյանքի, ավանդույթների ու կենցաղի մասին, որոնք հասարակությանը շոկահարում էին: Բնականաբար, նման իմիջով անհնար է հայտ ներկայացնել համաշխարհային մասշտաբի միջոցառումների անցկացման համար: Հենց այդ պատճառով Սաուդիում հասկացան, որ պետք է առաջին հերթին բարձրացնեն երկրի իմիջն ու վարկանիշն ու հսկայական գումարներ են ծախսում PR-ի ու մարքեթինգի վրա՝ Սաուդին տուրիստական երկիր դարձնելու համար»,-նշում է Հասմիկ Հարությունյանը։ 

Չպետք է նաև մոռանալ, որ Հայաստանում՝ Երևանում, 2023թ․ ապրիլի 15-23-ն անցկացվեց Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։ Բացի այս, Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքն էր ձեռք բերել, ինչը ևս իրականություն դարձավ սեպտեմբեր ամսին։

«Եթե երկիրը ունենա շատ լավ իմիջ, տուրիստական մեծ հոսք, բնականաբար առկա ռեսուրսների ու ֆինանսների պարագայում ցանկացած մեգանախագիծ Սաուդին կդարձնի իրականություն: Սա մեկ օրվա կամ մեկ տարվա նախագիծ չէ և անհնար է արդյունքը միանգամից նկատել»,-ասում է Հարությունյանը:

Նույնը կարելի է ասել նաև հանքարդյունաբերության մասին։ Նման նախագծերի արդյունքը չի կարող առաջին իսկ պահից տեսանելի լինել։ Սակայն և չպետք է մոռանալ հետագա տարիների ու դրա թողած ազդեցության մասին։

«Մենք ունենք օրենք, որի համաձայն պետք է ռեկուլտիվացիոն ֆոնդ ստեղծվեր, որտեղ պետք է կուտակվեր հանքարդյունաբերական կազմակերպությունների վճարված հարկերի մի մասը, որը հետագայում պետք է օգտագործվի այդ հանքավայրի բնապահպանական լանդշաֆտը վերականգնելու համար։

Կայուն զարգացման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, ֆինանսներ, մշակույթի փոփոխություն։ Եթե, օրինակ՝ Քաջարանի պնձամոլիբդենային գործարանը նման ծրագիր է իրականացնում, իսկ մյուս ընկերությունը չի անում նման բան՝ չի ստացվի։ Պետք է խաղի միասնական կանոններ լինեն»,-ասում է Սուրեն Պարսյանը։

Ալիսա Չիլինգարյան

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print