Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին էականորեն նպաստել են արդյունաբերությունը և առևտրաշրջանառությունը։

Հայաստանում 2024-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,6%, իսկ միայն փետրվարին նույն ցուցանիշն աճել է 16,3%-ով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին էականորեն նպաստել են արդյունաբերությունը, որն աճել է շուրջ 28.9 %-ով (փետրվարին` 36,4%), առևտրի շրջանառությունը` 24,1%-ով (փետրվարին` 28,3%)։ Շինարարության աճն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 10,8% (փետրվարին` 11,7%):

2022-ից ռուսաստանցիների հոսքին զուգահեռ պարբերաբար երկնիշ աճ արձանագրած ծառայությունների ոլորտի աճը դանդաղել է: Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին այս բնագավառում աճը կազմել է 5,2%, իսկ միայն փետրվարին` 6%:

Չնայած արդյունաբերության և տնտեսության մյուս ճյուղերի տպավորիչ աճին, հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին երկու ամսում նվազել է 4,9%-ով:

2024-ի հունվար-փետրվարին կրկնակի աճել է արտաքին առևտրաշրջանառությունը` կազմելով 5,3 մլրդ դոլար: Միայն փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նույն ցուցանիշն աճել է 2,2 անգամ`հասնելով 3,1 մլրդ դոլարի:

Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արտահանումն աճել է 2,6 անգամ` կազմելով ավելի քան 2,5 մլրդ դոլար: Ներմուծման աճը եղել է շուրջ 73%` հասնելով 2,7 մլրդ դոլարի:

Այսպիսով այս տարվա հունվար-փետրվարին ներմուծման և արտահանման ծավալները գրեթե հավասարվել են։

2024 թվականին հունվար–փետրվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.4 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 404.61 դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print