Տարհանումն իրականացվել է, հիվանդներն ու անձնակազմը տեղափոխվել են անվտանգ հեռավորության վրա։
Մոսկվայի Պիրոգովի անվան ազգային բժշկական և վիրաբուժական կենտրոնի «Իզմայլովսկի» խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնից պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել է 900 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կենտրոնի տնօրեն Օլեգ Կարպովը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է տարհանումը։
«Տարհանումն իրականացվել է, հիվանդներն ու անձնակազմը տեղափոխվել են անվտանգ հեռավորության վրա։ Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները»,- ասել է Կարպովը։
Կարպովն ընդգծել է, որ խորհրդատվական ախտորոշիչ կենտրոնում անկողնային հիվանդներ չկան. Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածները բուժում են ստանում մեկ այլ շենքում։
Msk1.ru-ի փոխանցմամբ՝ կենտրոնը նամակ է ստացել՝ ականապատման մասին տեղեկություններով։ Դրանում նշվում է, որ կենտրոնի մի քանի հարկերում տեղադրված է պայթուցիկներով չորս ուսապարկ։