Նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը

Հանցավոր գործունեությամբ ստացված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին:

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայումս բնակելի տան) կադաստրային գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 քմ մակերեսով վարչական շենքը և 920 քմ հողամասը 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 978 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Տ.Խ.-ին:

Այնուհետև, խախտելով Կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, գյուղապետը 2005 թվականի սեպտեմբերի 9-ին թույլատրել է Տ.Խ.-ին գյուղի վարչական շենքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան, որից հետո շենքն ու հողատարածքը հանել է հասարակական սպասարկման տարածքների ֆոնդի հաշվեկշռից ու ընդգրկել բնակելի ֆոնդի շենքերի հաշվեկշռում:

2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը:

Հանցավոր գործունեությամբ ստացված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print