Տնտեսավարողները պարտավոր են ձեռնպահ մնալ սպառողին մոլորեցնող արտահայտություններից

ՀՀ վարչական դատարանը ակցիաների առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

Վարչական դատարանը, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշման իրավաչափությունը, ակցիաների առնչությամբ ձեւավորել է հետեւյալ կարեւոր մոտեցումները.

•    Հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցությունն իր բնույթով ունի ձեւական կազմ, այսինքն՝ հետեւանքի վրա հասնելը՝ սպառողի մոլորվելու փաստը, վարքագիծը Օրենքի 21-րդ հոդվածով որակելու պարտադիր եւ անհրաժեշտ պայման չէ։ Վարքագիծը հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտում որակելու համար բավարար է միայն մոլորվելու հնարավորությունն ու հավանականությունը, այլ ոչ թե ինքնին մոլորվելու փաստը։ Հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն իրավախախտման ձեւական բնույթը դրսեւորվում է նրանում, որ արարքը կատարման փաստով համարվում է ավարտված։
•    Ապրանքի միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է։
•    Անհատական գնիջեցման արդյունքում ապրանքի վաճառքի գինը ներառվում է ապրանքի վաճառքի գների միջին թվաբանական հաշվարկի մեջ, եթե նման հաշվարկի կատարումը բացառող հանգամանքներ չեն ներկայացվում տնտեսավարողի կողմից։
•    Մանրածախ առեւտրի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է, հետեւաբար տնտեսավարող սուբյեկտի կողմից անհատական զեղչեր կիրառելիս պետք է սահմանվեն ոչ խտրական պայմաններ։
•    Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններ կիրառելուց, որոնք կարող են մոլորեցնել սպառողին։ Օրինակ՝ «Ամանորյա զեղչեր սկսած 10 %-ից մինչեւ 35%։ Շտապեք ձեռք բերել ձեր «նվեր»-ը» հայտարարության մեջ նվերի մասին նշումից հնարավոր չէ հանգել հետեւության առ այն, որ առաջարկը վերաբերում է նվեր գնելուն եւ ոչ թե գնում կատարելու դեպքում նվեր ստանալու հնարավորությանը։ Այսինքն՝ նվերի մասին նշումը չի կարող մեկնաբանվել որպես հաճախորդի կողմից ընկերությունից ժամացույց ձեռք բերելու նպատակ՝ որպես նվեր իր սիրելիին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 275-Ա որոշմամբ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ակցիաների առնչությամբ ընկերության վարքագիծը որակվել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցություն եւ խախտումների համար տրվել է նախազգուշացում, ինչպես նաեւ  նշանակվել է 1 809 000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print