Սահմանազատման պրոցեսում հաջողելու համար մեզ պետք է ուժեղ բանակի, ուժեղ դիվանագիտության եւ պետականամետ մասնագետների միավորում. Շահեն Շահինյան «Հայաստանի Հանրապետություն»

Առաջին քայլը սահմանագծման աշխատանքների սկզբունքի ընտրությունն է։ Այս գործընթացում հաջողելու համար պետք է միավորել բանակի, դիվանագիտության եւ մասնագետների ջանքերը

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանանշման (միջազգային տերմինաբանությամբ՝ դելիմիտացիա եւ դեմարկացիա) մասին պարբերաբար խոսվում է, բայց հանրության լայն շերտերին այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, ինչ է այս պահին կատարվում։ Փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, այժմ՝ ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ, տ. գ. թ. Շահեն Շահինյանից, ով այս ընթացքում ակտիվորեն անդրադառնում է թեմային։

 -Ընդհանրապես, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը միջազգայնորեն կարգավորված է, եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Այսինքն՝ դելիմիտացիան եւ դեմարկացիան վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում, մինչդեռ Ադրբեջանը օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում մեր նկատմամբ… Ի՞նչ իրավիճակում ենք այս պահին, գործընթացը սկսվա՞ծ է։

-Այս պահին սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ չեն ընթանում, քանի որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել ոչ մի հարցի շուջ։ Առաջին քայլը, որ պետք է արվեր, սահմանագծման աշխատանքների սկզբունքի ընտրությունն է։ Կողմերը առաջինը որ պետք է անեին, պայմանավորվելն էր, թե ինչն են հիմք ընդունելու սահմանազատման աշխատանքներում (սահմանազատման սկզբունքներ), օրինակ՝ ԽՍՀՄ 1926-1932 թթ. վարչատարածքային բաժանման քարտեզնե՞րը, այն քարտեզը, որով Հայաստանը եւ Ադրբեջանը խորհրդայնացվե՞լ են, թե՞ հետագա (1970) քարտեզները, թե՞ փաստացի իրավիճակը 1991 թ., թե՞ իրավիճակն այս պահին եւ այլն։ Հենց դրա հետեւանքն է, որ պրոցեսի «մեկնարկից» հետո ադրբեջանական կողմը առաջ է քաշում իրավական հիմք չունեցող 1919-1920 թթ. քարտեզ եւ առաջարկում դրանով առաջնորդվել։ Այստեղ մի տրամաբանական հարց եմ ուզում հնչեցնել. եթե Ադրբեջանը չի ճանաչում խորհրդային սահմանները, ապա այդ ինչի՞ հիման վրա 2020 թ. նոյեմբերին մեր զորքերը հետ քաշվեցին եւ տեղակայվեցին Սյունիքի մարզի ներսում։ Հենց այդ ժամանակ էր, որ պետք էր հստակ ֆիքսել, որ մեր զորքերը հետ են քաշվում դեպի Սյունիք, քանի որ այդ գիծը Ադրբեջանը (կողմերը) ճանաչում է (են) որպես պետական սահմանի նախնական տարբերակ՝ հիմք ընդունելով այսինչ թվականի քարտեզը…

-Սահմանազատման ժամանակ կողմերն ինչպե՞ս են ընտրում՝ ի՛նչ քարտեզով, ո՛ր թվականի քարտեզով աշխատել, ովքե՞ր պետք է լինեն այդ կողմերի ներկայացուցիչները։ Հակիրճ խնդրեմ՝ միջազգային փորձը։ Հաշվի առնենք նաեւ, որ մեր քարտեզագրության ինստիտուտն այլեւս չի գործում։

-Քարտեզի ընտրությունը կատարվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն կարեւոր է, որ ընտրված քարտեզը լինի իրավական հիմք ունեցող փաստաթուղթ (փաստաթղթի մաս)։ Կողմերը, որպես ներկայացուցիչ, հիմնականում ներկայացնում են դիվանագետների, սակայն կազմվում են բազմապրոֆիլ հանձնաժողովներ եւ մասնագիտական ենթահանձնաժողովներ, որպեսզի այդ հանձնաժողովներում մշակվեն բանակցությունների հիմքերը եւ մանրակրկիտ քննության առնեն հակառակ կողմի ցանկացած առաջարկ։

-Ինչ ասել է քարտեզների պիտանելիություն, քարտեզ կեղծելը դյուրի՞ն գործ է։ Հարցը հնչեցնում եմ ադրբեջանական քաղաքականության բնութագրի համապատկերում։

-Երբ խոսում են քարտեզի մասին, պետք է հասկանալ, որ քարտեզները բազմատեսակ են։ Քարտեզը երբեք չի ստեղծվում ինքնանպատակ։ Ցանկացած քարտեզ մշակվում է կոնկրետ խնդիր լուծելու համար եւ, ելնելով առաջադրած խնդրից, տվյալ քարտեզում շեշտը դրվում է այդ խնդրի առավելագույնս լուծմանը, իսկ մնացյալ մասերին կարող են թեթեւ անրադառնալ։ Օրինակ՝ երբ մշակվում է ճանապարհային քարտեզ, կարեւոր է պատկերել այդ տարածքում առկա բոլոր ճանապարհները։ Այո, դրանք կարող են երկաչափական չափերով մի փոքր շեղվել իրականից, սակայն կարեւոր է, որ երեւան բոլոր ճանապարհները։ Հնարավոր է ուշադրություն չդարձվի մանր լեռնագագաթներին, բնակավայրերի մանրամասնություններին եւ այլն։ Երբ մշակվում է ջրագրության քարտեզ, ուշադրությունը կենտրոնացնում են ջրային օբյեկտներին (գետ, լիճ, ծով եւ այլն), իսկ աշխարհագրական մյուս օբյեկտները դառնում են երկրորդական։ Երբ մշակում են իրավական (կադաստրային) քարտեզ, կարեւոր է, որ հնարավորինս ճշգրիտ պատկերվեն անձերի սեփականության սահմանները, իսկ տեղանքի ռելիեֆը կամ ընդերքի կազմը կրում է երկրորդական դեր։ Խոսելով քարտեզների պիտանելիության մասին՝ կարեւոր է նշել նաեւ քարտեզի մասշտաբի մասին։ Մասշտաբը քարտեզի այն տարրն է, որը ցույց է տալիս, թե քարտեզում պատկերված օբյեկտները քանի անգամ են փոքրացվել իրական չափերի համեմատ։ Եվ ըստ քարտեզի մասշտաբի՝ մասնագետները հաշվարկում են տվյալ քարտեզի ճշտությունը։ Այսինքն, եթե ձեր առաջ խնդիր է դրված որոշել ձեր երկրի սահմանը բարձր ճշտությամբ, ապա դուք չեք կարող այդ աշխատանքներում կիրառել 1։1 000 000, 1։200 000 կամ 1։100 000 մասշտաբի քարտեզներ։ Առավել նպատակահարմար է օգտագործել 1։25 000, 1։10 000, 1։5000 մասշտաբի քարտեզներ։ Քարտեզը կեղծել չի նշանակում կեղծել այդտեղ առկա պատկերը։ Դա ենթադրում է կեղծել նաեւ քարտեզի ելակետային տվյալները, քարտեզի մշակման մեջ կիրառված նյութերը, քարտեզի առանձին կամ ամբողջական տարրեր։ Պետք է հստակ իմանալ, որ քարտեզները կեղծվում են նպատակաուղղված, եւ լուրջ կեղծիքներն ունենում են պետական կամ վերպետական հովանավորներ։

-Հայ-վրացական սահմանազատմումն արդեն տարիներ ձգվող գործընթաց է, եւ դա օրինաչափ է։ Հայ-ադրբեջանականի դեպքում շտապողականություն է, եւ թշնամու քայլը հասկանալի է։ Բայց ի՞նչ պետք է անենք մենք՝ նաեւ մասնագիտական տիրույթում։

-Այս պրոցեսը կարող է տեւել տասնամյակեր, քանի որ եթե չլինի փոխհամաձայնություն, ոչինչ չի ստացվի։ Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, քանի դեռ փաստաթղթերը վավերացված չեն երկու կողմերի լիազոր մարմինների կողմից, ցանկացած պայմանավորվածություն հիմք չէ։ Դա հասկանում է նաեւ թշնամին, նա գիտի, որ որքան էլ գրավի, որքան էլ խաբի, որքան էլ այլոց կաշառի ու համոզի, քանի դեռ մենք չենք ընդունել եւ չենք ստորագրել, ապա այդ ամենը ուժ չունի, դա ավազ է, որը քամու փչելու հետ կարող է քշվել։ Նրանք փորձում են ստիպելով, սպառնալով, ռազմական գործողություններով ստանալ մեր գրավոր համաձայնությունն ու հաստատումը։ Մասնագետների գործը պետք է լինի ուսումնասիրել հասանելի նյութերը, համոզել բանակցողներին, որ ոչինչ առանց բազմակի ծանրութեթեւ անելու չխոսեն, չհայտարարեն, չստորագրեն։ Պետք է կազմակերպվեն մանագիտական լայն քննարկումներ, եւ քննարկվեն բոլոր հնարավոր տարբերակներն ու իրավական հիմքերը։

-Պետք է ընդգծել նաեւ, որ քարտեզները իբրեւ առանձին փաստաթուղթ չեն կիրառվում…

 -Այո, քարտեզները երբեք որպես առանձին փաստաթուղթ հանդես չեն գալիս։ Դրանք կամ մաս են կազմում այլ փաստաթղթերի, կամ հանդես են գալիս որպես հավելված, լրացուցիչ նյութ։

-Ի՞նչ է պետք սահմանազատման գործընթացում հաջողելու համար։

-Նախ՝ ոչ մի պետություն առանց քարտեզի պետական սահմանի սահմանազատում չի արել, երբեք։ Պետք է հստակ իմանալ, որ այս պրոցեսը շահերի բախում է, եւ կողմերը առաջնորդվելու են իրենց շահերով։ Խելացիները՝ պետական շահով, տգետները՝ անձնական։ Պետական շահի համար միշտ էլ կլինի հնարավորություն, իրավական հիմք ու մասնագիտական հիմավորում, սակայն պետք է ցանկություն։ Մենք հիմա կարիք ունենք միավորման։ Սահմանազատման պրոցեսում հաջողելու համար մեզ պետք է ուժեղ բանակի, ուժեղ դիվանագիտության եւ պետականամետ մասնագետների միավորում։ Եվ ամենակարեւորը՝ պետք է բանակցել այն մասին, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն մասին, ինչ քեզ տալիս (նետում) են։

-Էական հարց մնա՞ց, որ բաց թողեցինք խնդրո առարկայի՝ մասնագիտական տիրույթին վերաբերող շրջանակից։ -Չափազանց կարեւոր մի խնդիր դուրս մնաց. պետք է ձեւավորել այն թեզերը, թե որն ենք համարում հայկական տարածք։ Երբ խոսքը  29 800 քկմ-ի մասին է, փաստացի խոսվում է Սովետական Հայաստանի տարածքի մասին։ Ընդ որում, այն տարածքի, որը մնացել էր 1970-ական թվականներին, այսինքն ՝ փոփոխված, փոքրացած տարածքը։ Սակայն ասել, որ Հայաստանի տարածքը սա է, ճիշտ չէ։ Շատ էական կետեր կան. օրինակ՝ արդյո՞ք մեզ համար ընդունելի է Խորհրդային Հայաստանի սահմանը խորհրդային պետության գոյության վերջին տարիներին։ Արդյո՞ք ընդունելի ենք համարում այն, որ պետությունը կարող է մուտք գործել մի կառույց, տվյալ դեպքում՝ ԽՍՀՄ, մի մակերեսով, բայց դուրս գալ այլ մակերեսով։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք մենք հրաժարվում ենք առաջին հանրապետության տարածքներից։ Պետք է ձեւավորենք՝ ի՞նչ սկզբունքի հիման վրա ենք գնում այդ աշխատանքներին, արդյո՞ք արդեն վերջնական որոշված ու ստորագրված է, որ սահմանազատումը պետք է իրականացվի Խորհրդային Միության վարչատարածքային բաժանման քարտեզներով։ Ի դեպ, Ադրբեջանը 2020-ից ակտիվորեն տարածում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզները, որոնք 1918 թ.  ներկայացվել են Ազգերի լիգա, բայց մերժվել են։ Ոչ մի երկիր չի ճանաչել այդ քարտեզները։ Իսկ Հայաստանի առաջին հանրապետությունն Ազգերի լիգա է ներկայացրել իր տարածքների քարտեզը, որը չի մերժվել։ Որոշ տարածքներ այդ քարտեզում համարվել են վիճելի, եւ հարցը պետք է լուծվեր միջազգային արբիտրաժի միջոցով։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Ազգերի լիգան Հայաստանի քարտեզը չի մերժել։ Իսկ մեր քարտեզում բավական լուրջ հարցեր են բարձրացվում. այնտեղ կա Նախիջեւանը, որը վիճելի տարածք չի համարվել եւ ճանաչված է եղել որպես Հայաստանի առաջին Հանրապետության մաս, կա Լեռնային եւ Դաշտային Արցախի հարցը, Ախալքալաքի, Կարսի մարզի, Սուրմալու գավառի հարցերը։ Սկզբունքները հստակ ֆիքսելուց հետո նոր կարելի է խոսել հաջորդ քայլերի մասին, թե ինչ քարտեզների կիրառմամբ են իրականացվելու սահմանազատման աշխատանքները եւ ինչ մեթոդաբանությամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print