Հրաձգությունն իրականացրած չորս անձինք Տաջիկստանի քաղաքացիներ են:
Տաջիկստանում այս շաբաթ ձերբակալվել է ինը մարդ, որոնք կասկածվում են մարտի 22-ին Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային հրաձգության, ինչպես նաև այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած իսլամիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է Տաջիկստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Տաջիկստանի պետական անվտանգության կոմիտեն 9 հոգու ձերբակալել է մարտի 25-ին Վախդատ քաղաքում։ Կասկածյալներն այժմ մայրաքաղաք Դուշանբեում են։
Հրաձգությունն իրականացրած չորս անձինք Տաջիկստանի քաղաքացիներ են: Նրանք ձերբակալվել են յոթ այլ կասկածյալների հետ միասին, որոնցից մի քանիսը նույնպես Տաջիկստանի քաղաքացիներ են:
Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ հարձակմանը մասնակցած անձանց ընտանիքների անդամներին նույնպես տեղափոխել են Դուշանբե, որպեսզի ռուսաստանցի քննիչները կարողանան հարցաքննել նրանց։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ունեն հետախուզական տվյալներ, որ հարձակումն իրագործել է խմբավորման աֆղանական ճյուղը՝ «Իսլամական պետություն-Խորասան»-ը։ Ռուսաստանի քննիչները մարտի 28-ին հայտարարել են, որ գտել են ապացույցներ, որ հարձակումն իրագործողները կապված են «Ուկրաինական ազգայնականներ»-ի հետ։