2020թ. ապաստան խնդրողների թիվը կազմել է 206, 2021-ին՝ 260, իսկ 2022թ.՝ 968։
2023թ. 817 մարդ ապաստան է խնդրել Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, ապրիլիի 2-ին ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Արմեն Ղազարյանը նշեց, որ 2020թ. ապաստան խնդրողների թիվը կազմել է 206, 2021-ին՝ 260, իսկ 2022թ.՝ 968։ Կտրուկ աճը, ծառայության ղեկավարի կարծիքով, կապված էր Ուկրաինայի մարտական գործողությունների հետ։
«2023թ. միտումը պահպանվել է։ Այնուամենայնիվ, կա որոշակի նվազում։ Մինչեւ 2022թ. առաջին տեղերը սովորաբար զբաղեցրել են Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքացիները՝ Սիրիա, Իրաք եւ Եգիպտոս»,- նշել է Ղազարյանը։
2022-2023թթ. առաջին տեղ են դուրս եկել Ուկրաինայի քաղաքացիները, երկրորդ եւ երրորդ տեղերում նորից Սիրիայի եւ Իրաքի քաղաքացիներն են եղել։
Ինչ վերաբերում է Հնդկաստանի քաղաքացիներին, ապա, ինչպես նշել է ՆԳՆ ներկայացուցիչը, նրանք ապաստան ստանալու խնդրանք անցած տարի չեն ներկայացրել։ Իսկ նախորդ տարիներին եղել է մեկ-երկու նման դեպք։