ԱԴԾ տնօրենը նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործում է հակաահաբեկչական ալիք, բայց այն սահմանափակ է։
ԱԴԾ-ն ԱՄՆ-ից որոշակի տեղեկություն ստացել էր ՌԴ-ում ահաբեկչության հնարավորության մասին, բայց այն չափազանց ընդհանուր էր, հայտնել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»։
«Այո, իսկապես, Անվտանգության դաշնային ծառայությունը որոշակի տեղեկություն ստացել էր ԱՄՆ հատուկ ծառայություններից այն մասին, որ նման բան, ցավոք, հնարավոր է։ Բայց ինչպես մեր ռուս գործընկերներն են ասել, տեղեկությունը շատ ընդհանուր էր եւ թույլ չի տվել մինչեւ վերջ պարզել նրանց, ովքեր մասնակցել են այդ ահավոր հանցագործությանը»,- ասել է Նարիշկինը լրագրողներին Մոսկվայում։
ԱԴԾ տնօրենը նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործում է հակաահաբեկչական ալիք, բայց այն սահմանափակ է։ Նարիշկինի խոսքով՝ միջպետական համագործակցության մակարդակը «իջել է շատ ցածր»։
ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին տեղեկացրել են ՌԴ տարածքում ահաբեկչության պատրաստման մասին մարտի սկզբին։ Տեղեկությունը տարածել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը։ Նախազգուշացումներով հանդես են եկել նաեւ եվրոպական մի քանի պետություններ։
ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խոստովանել է, որ ԱՄՆ-ն նախազգուշացրել է ահաբեկչության պատրաստման մասին քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, բայց տեղեկությունը կրել է ընդհանուր բնույթ եւ «այդ պահին չի հաստատվել»։ The New York Times թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն ՌԴ-ին տեղեկացրել է միայն իր ունեցած տեղեկության մի մասը, որպեսզի չբացահայտի այդ տվյալների աղբյուրը։
Իրանը եւս նախազգուշացրել է Ռուսաստանին այն մասին, որ ՌԴ տարածքում հնարավոր է խոշոր ահաբեկչություն, ապրիլի 1-ին տեղեկացրել են Reuters գործակալության աղբյուրները։ Իրանի իշխանությունները այդ տեղեկությունն ստացել են ահաբեկչության մեջ կասկածվողներից, որոնց բռնել են Իրանում։ Reuters-ի աղբյուրները նշել են, որ տեղեկությունը կոնկրետ մանրամասներ չի պարունակել։