Mercedes-ը մոտ 10 մետր բարձրությունից ընկել և գլորվել է ձորը։
Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արայիկ Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Էլիսա Պոլինտեի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Suzuki»-ն կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բետոնե արգելապատնեշը, մոտ 12 մ բարձրությունից ընկել և մոտ 100 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնել է ձորում։
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ա․ Սարգսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Ա․ Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության շուկայի պատասխանատու , իսկ «Suzuki»-ի վարորդը զբոսաշրջիկ է, նրա հետ ավտոմեքենայում գտնվող ուղևորը նույնպես Իտալիայի Հանրապետության քաղաքացի է և զբոսաշրջիկ։ Ավտոմեքենան էլ վարձույթով են վերցրել։