Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սարավանի նախկին համայնքապետի կնոջն օտարված 1.5 հա հողատարածքը

2022թ. մարտին Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որը 2023թ. մայիսին փոփոխվել, լրացվել է և վերջինիս նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Դատախազության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ քրեական վարույթով հաստատվել է, որ նշված համայնքապատկան հողամասն օտարվել է օրենքի խախտումներով և առանց աճուրդի, որին էլ հաջորդել է կեղծ արձանագրության և որոշման կայացումը: Հսկող դատախազը գտել է, որ այդ ակտերը պետք է անվավեր ճանաչվեն:

Հայցադիմումը դատարան մուտքագրվել է 2023թ․ դեկտեմբերի 14-ին, սակայն մոտ 4 ամիս անց դեռ որոշված չէ վարույթ ընդունելու հարցը։ Վարչական դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ ներկայացված մի քանի պահանջներից հստակ չէ, թե որն է հիմնականը, որոնք՝ ածանցյալ։

Դատարանը նշել է նաև, որ ներկայացված հայցադիմումն իրենից ներկայացնում է վիճարկման հայց, հետևաբար դրա վրա տարածվում է երկամսյա ժամկետում դատարան դիմելու կանոնը։ Դատախազությունը բաց է թողել այդ ժամկետը, քանի որ վիճարկում է Վայոց Ձորի մարզի Սարավանի գյուղապետի 28.02.2008թ. անցկացված աճուրդը, մինչդեռ, հայցադիմումը դատարան է ներկայացվել 2023թ․ դեկտեմբերին։

Դատախազությունը հայցադիմումը վերադարձնելու որոշումը բողոքարկել է վերադասության կարգով։ Սակայն, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ստորադաս դատարանի որոշումը։

Նշենք, որ Սիմոն Բաբայանը 2006թ․-ից 3 անգամ ընտրվել է Սարավան համայնքի ղեկավար, իսկ 2016-2021թթ․ ընտրվել է նույն մարզի Զառիթափ համայնքի ղեկավար։

Ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում 2021թ. օգոստոսին հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե, այնտեղից էլ ուղարկվել է Վայոց Ձորի մարզ՝ քննություն կատարելու։

2022թ. մարտին Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որը 2023թ. մայիսին փոփոխվել, լրացվել է և վերջինիս նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: 2023թ. հոկտեմբերին քրեական վարույթն իրականացնող քննիչը Վայոց Ձորի մարզի դատախազություն է ներկայացրել մեղադրանքի մասերով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու և հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդություն։

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է՝ երբ 2021թ. օգոստոսին հարուցվել է քրեական վարույթ, այդ պահից սկսած էլ Դատախազության կողմից իրականացվել է հսկողություն նախաքննության օրինականության նկատմամբ, և Դատախազությունը ողջամտորեն տիրապետել է տվյալ քրեական գործի հանգամանքներին, ինչպես նաև ունեցել է հասանելիություն դրա նյութերին:

Դատախազությունն էլ հիմնավորում է, որ չէր կարող տեղեկացված լինել այս կամ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կայացրած բոլոր վարչական ակտերի գոյության մասին, առավել ևս գնահատել դրանց իրավաչափության հիմնահարցը։ Դատախազությունն առնչվել է վիճարկվող որոշումներին քրեական վարույթով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Ավելին, խնդրահարույց որոշումների գոյության մասին իրազեկվելը, թեև բավարար է եղել քրեական գործ հարուցելու (վարույթ նախաձեռնելու) և համակողմանի նախաքննություն իրականացնելու համար, սակայն ինքնին չէր կարող հիմք հանդիսանալ Դատախազության կողմից վարչական դատավարության կարգով հայցի հարուցման գործընթացը նախաձեռնելու համար, քանի որ անհրաժեշտ էին համապատասխան իրավական հիմքեր, որոնք ի հայտ են եկել միայն քրեական վարույթում վերջնական որոշման ընդունմամբ, որով և հաստատվել են էական նշանակություն ունեցող փաստեր:

Դատախազությունը կարծում է, որ վիճարկման հայցը ներկայացվել է երկամսյա ժամկետի պահպանմամբ, և ժամկետի հաշվարկն իրականացվել է այն պահից սկսած, երբ Դատախազությունն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվել է վարչական ակտի գոյության մասին:

Դեռ հայտնի չէ՝ Դատախազությունը Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի՞ Վճռաբեկ դատարան, թե՞ ոչ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print