Ես չեմ մասնակցում ԶՊՄԿ-ի գործառնական կառավարման հարցերին․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ՝ Նարեկ Բաբայան

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ կառավարության ներկայացուցիչը ներգրավված է ԶՊՄԿ-ի կառավարման տարբեր հարցերում։ Մասնավորապես նշվում է, որ  ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը կազմակերպում է ՔՊ-ականների աշխատանքի տեղավորումը, իսկ իր ընկերոջ «ՆարԱր» անունով շինարարական ընկերությունը ԶՄՊԿ-ում շինարարական մեծ պատվեր է ստացել։

Ի պատասխան Tert.am-ի հարցման՝ Նարեկ Բաբայանը նշել է, որ ինքը ոչ միայն չի մասնակցում ԶՊՄԿ-ի գործառնական կառավարման հարցերին, այլև նույնիսկ տեղեկացված չէ տենդերներին մասնակցող շինարարական ընկերությունների  մասին։

 «Միակ բանը, որից տեղյակ եմ, այն է, որ ի տարբերություն նախորդ տարիներին, շինարարական ընկերությունները ընտրվում են բաց ու թափանցիկ տենդերներով, եւ այդ մեխանիզմը գործարկվել է համեմատաբար վերջերս։ Սա հենց կառավարության գործառույթներից մեկն է՝ ԶՊՄԿ ղեկավարության հետ համատեղ բարձրացնել կառավարման թափանցիկությունը եւ բացառել կոռուպցիոն սխեմաները»,-մեկնաբանել է Բաբայանը՝ նշելով, որ Հայաստանում ցանկացած խոշոր շինարարական ընկերություն կփաստի Ընկերությունում մրցույթների թափանցիկությունը։

ԶՊՄԿ-ից Tert.am-ին տեղեկացրել են նաև, որ «ՆարԱր» անվանումով կապալառու այս պահին ընկերությունը չունի, իսկ շինարարական տենդերները իրականացվում են անընդհատ և դրանց մասնակցում եւ շահում են լավագույն գին-որակ առաջարկողները։

Հավելենք, որ վերջերս կառավարության հերթական նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես փաստել էր ԶՊՄԿ-ում թափանցիկ աշխատելաոճն ու կառավարման արդյունավետության բարձրացումը՝ նշելով, որ նաեւ դրա շնորհիվ են ԶՊՄԿ-ում բարելավվել տնտեսական ցուցանիշները և հարկային մուտքերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print