Ծրագրի ընդունման արդյունքում միաժամանակ կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:
Նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային կամ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազային արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը: Որպես թիրախ կսահմանվեն առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի տարածական տվյալների, բարդ տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմարդյունաբերության ոլորտներում աշխատանքների բարելավումը և արդյունավետության բարձրացումը: Ստանդարտների սահմանմամբ նախատեսվում է ապահովել վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 4-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ նախատեսված է 14,1 միլիոն դրամ հատկացնել, որի շրջանակում կմշակվի 39 ազգային ստանդարտ: Ծրագրի ընդունման արդյունքում միաժամանակ կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:
Պապոյանը պարզաբանեց որոշման նախագծի ընդունման կարևորությունը, այն է՝ եթե ապրանքների ստանդարտները համապատասխան չլինեն սահմանվածին, արտադրանքը չի կարող արտահանվել եվրոպական շուկա:
Որոշման նախագծի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հիմա մենք ասում ենք՝ ջուր պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ ժողովուրդն այդ ջուրը խմում է, դա՝ ոչինչ,- ասաց նա և հավելեց.- մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկին չի հետաքրքրում: Բայց չի հետաքրքրում գիտե՞ ինչ պատճառով. որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Սա է ամբողջ խնդիրը: Ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք: Օրինակ՝ գնաճի վերաբերյալ մեր վերաբերմունքը ճշգրտենք»:
Վարչապետը մեկ այլ օրինակ բերեց՝ նշելով, որ եթե, ենթադրենք, «մայթին» խոզի միս են վաճառում, և ասվում է՝ պետք է ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միսը դրանից կթանկանա: Բայց եթե խոզի միսը թանկանա, կավելանա անվտանգության բաղադրիչ, և տեղի կունենա այն ապագա ռիսկի խնայողություն, որի հետևանքով պիտի թունավորվեիր, հիվանդանոց ընկնեիր ու գումար ծախսեիր:
«Մեզ ասում են՝ Կառավարություն, գնա, համաշխարհային շուկաները բացիր հայկական արտադրանքների համար, ու սա շատ քննարկվում է: Սիրելի գործընկերներ, աշխարհի շուկաներն իրականում բաց են մեզ համար… Առևտրային կազմակերպությունն իր կանոններով սահմանել է, այլ բան, թե մեր ապրանքների որ հատվածն է, որ ստանդարտին համապատասխանում է, և որ հատվածն է, որ այլ պարամետրերով, այդ թվում՝ ծավալային, մրցունակ է շուկայում: Իրականում այսօր փակ շուկա Հայաստանի ապրանքների համար շատ քիչ կա»,- ասաց վարչապետը: