ԱՄՆ մի խումբ սենատորներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։
Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ նման կոչով հանդես են եկել սենատորներ՝ Էդ Մարկին, Բիլ Քեսիդին, Թոմ Թիլիսը, և Գարի Փիթերսը։
Սենատորներն ընդգծել են, որ Ադրբեջանն աննշան տույժեր է կրել միջազգային հանրությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների շարունակական կալանքի տակ պահելու համար։
«Բայդեն-Հարիսի վարչակազմի անկարողությունն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և հայ բանտարկյալների ու քաղաքական առաջնորդների շարունակական կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարել է կայուն և արդար խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև քաջալերել Է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման աճող սպառնալիքները», – հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն՝ Արամ Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նամակի հեղինակ սենատորներին վարչակազմի վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչի համար։
Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և այլոց շարունակական ապօրինի կալանքի տակ պահելը: