Բոլորը հերքում են Ղրիմի կամրջի պայթյունի հետ իրենց առնչությունը

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի դաշնային ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված քրեական գործում հիշատակվում է Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանի անունը։ Վերջինս հանդիսանում է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ –ի անունով ուղարկված բեռը տեղափոխող տենտով պատված բեռնատարի վարորդը։

SputnikArmenia-ի փոխանցմամբ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն որոշ պարզաբանումներ է հրապարակել այս գործի վերաբերյալ։

Ներկայացնելով «Գու Ար Ջի Գրուպ»  ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը՝ ՊԵԿ-ը նշում է, որ բեռի՝ ՀՀ մուտքի եւ ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել։ Բեռնատարը մաքսային տարածքում հսկվել է տեսախցիկներով։

Կոմիտեն նաև հայտնում է, որ ապրանքը ՌԴ տեղափոխվել է նույն վրացական ավտոմեքենայով, վարորդը եղել է նույն անձը։

«Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել»,– հայտարարում է ՊԵԿ–ը` հավելելով, որ վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները պահպանված են, պահպանված են նաև ռենտգեն զննող սարքի նկարները և մաքսային հսկողության գոտիներում տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը։

Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն նույնպես մեկնաբանել էր ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրությունը՝ նշելով, որ պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։

«Պայթուցիկով բեռնված որևէ կցորդիչ կամ վագոն չի անցել մաքսային սահմանը։ Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա այս դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print