Մինչև տարեվերջ կլինի խաղաղության պայմանագիրն ու կսկսվի դելիմիտացիայի գործընթացը․ ԱԽ քարտուղար

Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա․ այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հոկտեմբերի 12-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում։

Խոսելով Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնած  Գրիգորյան-Սալիվան-Հաջիև եռակողմ հանդիպման մասին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի ժամանակացույցը։

 «Քննարկել ենք այդ հարցը, այսինքն` մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալ։ Խոսել ենք նաև դելիմիտացիայի հարցի մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են։ 1929 թվականին գործընթաց եղել է` Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիա, այժմ էլ պետք է փոխադարձ համաձայնության գալ, որ դա ընդունվում է որպես հիմք, ապահովվում է ՀՀ 29.800 ք/կմ տարածքը»,-մեկնաբանել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանի խոսքով Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո,այդուհանդերձ,այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։

Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է, որ Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մասնավորապես ԼՂՀ–ում ապրող հայերի անվտանգությանն ու իրավունքներին, ինչպես նաև ընդգծվել է  միջազգային մեխանիզմ ստեղծելու կարևորությունը։ Նրա խոսքով` շարունակում է օրակարգում մնալ նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print