Երիտասարդի մեքենայում ինքնաձիգ և լիցքավորված պահեստատուփեր են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում:

«Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print