Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։
Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից, հայտնում է Ազատությունը։
Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց. – «Դե հիմա աշխատանքները սկսված են»։
Վերջերս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատասխանել էր․ «Մենք հող հանձնող չենք»։
Հիշեցնենք՝ Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Azatutyun