Ապրիլի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանն Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում ժամը 10։25-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ նկատել է մի քաղաքացու, ում ձեռքին եղել է հրազեն, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում պարզում են, որ զինված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Վիլիկ Ղ․-ն։
Պարեկները աննկատ մոտենում են այդ քաղաքացուն ու զինաթափում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին։
Արդեն ոստիկանությունում նա հայտնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հանդիպել է իր աներոջը՝ Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Ա․ Հ․-ին և վերջինս նրան է տվել իր անվամբ հաշվառված «Վավրիկ» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։