Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին. Տոկաև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Մեծարգո՛ նախագահ,
Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ ողջունել Ղազախստանի Հանրապետության նախագահին և նրա ղեկավարած ներկայացուցչական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում, մենք անդրադարձել ենք ավանդաբար հագեցած և դինամիկ զարգացող երկկողմ օրակարգին և քննարկել այն առավել ընդլայնելուն ու որակապես նոր մակարդակի հասցնելուն ուղղված մեր համատեղ քայլերը:

Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել մեր պետությունների և ժողովուրդների միջև առկա՝ բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի ու բարեկամության վրա խարսխված ջերմ հարաբերությունների առնչությամբ:

Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի 25-ամյակը:

Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ վերահաստատվեց քիչ առաջ մեր կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և դրանց նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից:

Շնորհակալություն եմ հայտնում ղազախստանյան պատվիրակությանը՝ գործընկերային և կառուցողական մթնոլորտում կայացած անկեղծ և փոխշահավետ շփումների համար, որոնց ընթացքում հնարավորություն ունեցանք ամփոփելու վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի ամենատարբեր ուղղություններով իրականացված ինտենսիվ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ուրվագծելու մեր համապարփակ օրակարգի առաջնահերթությունների առաջմղման ուղիները:

Այսօրվա բանակցություններում ընդգծել ենք երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ին կայացած 10-րդ հոբելյանական նիստի, ինչպես նաև օրերս Երևանում կազմակերպված գործարար համաժողովի անցկացումը: Այս համատեքստում, գործընկերոջս հետ նախանշել ենք տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի հետագա ընդլայնման հնարավորությունները՝ միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտմանն ու փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում:

Մենք համակարծիք էինք, որ, չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այս առումով ողջունում ենք ղազախստանյան գործարար առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցը:

Ղազախստանի նախագահի հետ քննարկել ենք նաև կրթական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակի հիմնումը:

Իհարկե, անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են՝ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։ Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ հավելել, որ մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար:

Մեծարգո՛ նախագահ,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստան կատարած Ձեր այցի և այսօրվա արդյունավետ բանակցությունների համար ու սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ:

Շնորհակալություն»:

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև

«Հարգարժան Նիկոլ Վովայի Փաշինյան,
Հարգարժան տիկնայք և պարոնայք,

Ուզում եմ նախևառաջ մեծ շնորհակալություն հայտնել վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հայաստան ինձ հրավիրելու և հյուրընկալության համար: Ես առաջին անգամ եմ այցելում պաշտոնական այցով Երևան՝ որպես Ղազախստանի նախագահ և արտահայտում եմ իմ երախտագիտությունը Հայաստանի ժողովրդին, որը ջերմորեն ողջունեց Ղազախստանի պատվիրակությանը:

Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին: Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում: Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և օժանդակության վրա: Երկկողմանի կապերի ակտիվացումը մեր համատեղ նպատակն է: Մեր նպատակները և շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են:

Այս տարի 25-րդ ամյակն է այն օրվանից, ինչ ստորագրվեց Բարեկամության և համագործակցության պայմանագիրը երկու երկրների միջև: Այդ ընդհանուր ժամանակահատվածում Աստանայի և Երևանի միջև կուռ հիմքեր դրվեցին երկարաժամկետ փոխշահավետ գործընկերության համար:

Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, և այդ առումով այսօրվա այցն ինձ համար հատուկ նշանակություն ունի: Բանակցությունները Նիկոլ Վովայիի հետ ապացուցում են այն, որ մենք հետաքրքրված ենք պահպանելու ամենաբարձրագույն մակարդակում մեր գործընկերությունը:

Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ներուժը մինչև օրս լիաարժեք կերպով չի օգտագործվել: Եվ հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխադարձ առևտրի տեմպերն ավելացնել: Պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր խթան կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը: Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք ավելացնելու արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը: Դրա համար առավելագույնս էֆեկտիվ պետք է օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները: Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին:

Պետք է ակտիվացնել հարաբերություններն արդյունաբերության, ֆինանսների, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում: Այս իմաստով ես առաջարկեցի հայկական կողմին իրականացնել մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր: Սա, մասնավորապես, ակտուալ է այսօրվա դժվարին աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակում: Այս ուղղությամբ աշխատանքները միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են:

Բացի այդ մենք պետք է ակտիվացնենք գործարար շփումները: Այս քայլերը կնպաստեն գործարար խորհրդի անհապաղ ստեղծմանը՝ ամրացնելով կապերը երկու երկրների բիզնեսների ներկայացուցչությունների միջև: Սա նաև թույլ կտա բարելավել ներդրումային հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Տրանսպորտային լոգիստիկ սեկտորը նույնպես մեծ նշանակություն ունի համագործակցությունն ամրացնելու համար:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ձգտումը՝ Հարավային Կովկասում վերականգնելու տրասնպորտային կապերը: Այդ իմաստով, ողջունում ենք մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Բացի այդ, մենք սատարում ենք մեր երկու երկրների, երկու մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղղակի ավիափոխանակումների նախաձեռնությունը: Մենք քննարկեցինք ապրանքների ցանկի ընդլայնման հնարավորությունն ագրոարդյունաբերության ասպարեզում և դրանց մատակարարումը: Պետք է նաև թվային տեխնոլոգիաների ասպարեզում խթանել համագործակցությունը: Ղազախստանը հայ գործընկերների հետ մտադիր է այս կարևոր ասպարեզում փոխադարձ, համատեղ ծրագրեր իրականացնել:

Սիրելի տիկնայք և պարոնայք,

Մենք հատուկ նշանակություն ենք հաղորդում մշակութային և հումանիտար կապերի ամրապնդմանը: Այս տարի Ղազախստանում կանցկացվեն հայ մշակույթի օրեր: Սա կարևոր միջոցառում է, անխոս այն կմերձեցնի մեր ժողովուրդներին, մանավանդ, որ մենք կվերականգնենք մեր հոգևոր կապերը: Մենք նաև համաձայնության հասանք Հայաստանի մեծարգո վարչապետի հետ առ այն, որ Երևան քաղաքի փողոցներից մեկը կկոչվի Մեծն Աբայի անունով, իսկ Աստանայի փողոցներից մեկը կկոչվի հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Բացի այդ, մենք ողջունեցինք հայկական տառերով գրված ձեռագրերն ուսումնասիրելու վերաբերյալ գիտական խումբ ստեղծելու նախաձեռնությունը: Այս նախաձեռնությունը կիրականացվի Եվրասիական ազգային համալսարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:

Մեր բանակցությունների ընթացքում կարծիքներ փոխանակեցինք ռեգիոնալ և համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Ընդհանուր առմամբ, Ղազախստանը և Հայաստանը շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում: Արդեն ավանդույթ է դարձել փոխադարձ օժանդակություն տրամադրելը միմյանց նախաձեռնություններին: Ուզում եմ սա մեծ երախտագիտությամբ նշել: Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր:

Ինչպես քիչ առաջ նշեց մեծարգո վարչապետը, Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս ուղղությամբ և իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար: Մեր հիմնական նպատակն է՝ մերձեցնել մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի, բարիդրացիական հարաբերությունների՝ այս տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման համար:

Սիրելի լրագրողներ,

Մեր բանակցություններն անցան փոխադարձ ըմբռնման, վստահության մթնոլորտում: Սա նոր խթան կհաղորդի Ղազախստանի և Հայաստանի հարաբերություններին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեծարգո վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին հրավիրել պաշտոնական այցով Ղազախստան: Վստահ եմ, որ այսօրինակ քայլերը կմերձեցնեն մեր ժողովուրդներին և կխորացնեն համագործակցությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print