Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մոդելների անհրաժեշտությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է պետական և մասնավոր թատրոնների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և ընդգծել բարեփոխումների ճանապարհին երկխոսությունների կայացման կարևորությունը: «Միասնաբար աշխատելով, ցանկացած խնդրի շուրջ համախմբվելով՝ մեր որոշումները, վստահաբար, կլինեն ի շահ թատրոնի: Մասնագիտական դաշտի աջակցության կարիքն ունենք հատկապես օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս»,- ասել է փոխնախարարը:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են մասնավոր թատրոնների խրախուսման մոդելների մշակման անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը: Կարևորվել է նաև ոլորտում մեկենասության վարկանիշի ձևավորումը՝ համապատասխան օրենք ունենալու ճանապարհով:
Անդրադարձ է եղել թատրոնների ֆինանսավորման նոր մոդելին, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար:

Հանդիպմանը քննարկվել են թատրոնների՝ որպես ենթակառուցվածքների հասանելիության, հաստիքների ձևավորման, անվտանգային համակարգի ուժեղացման, իսկ բովանդակության առումով՝ որակյալ դրամատուրգիա ունենալու վերաբերյալ հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print