Փաշինյանի ելույթն Աստանայում

Հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Աստանայում ԱՊՀ երկրների խորհրդի հերթական նիստին։

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ վարչապետն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացում հիմնվելու ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Խոսելով ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին՝ վարչապետը նշել է, որ նախքան որոշում կայացնելը, պետք է կողմորոշվել մի շարք կարևոր հարցերում:

«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ին հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները` որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։

Փաշինյանը կարևորել է նաև հստակ պատասխան տալն այն հարցին, թե արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները` որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր, ինչը ևս կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։

Իր ելույթում վարչապետը նաև խոսել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։

ՀՀ ղեկավարը նշել է, որ ըստ պայմանավորվածության վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը»,-նշել է Փաշինյանը։

Եզրափակելով իր ելույթը՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը և պետք է ձեռնարկել կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատվի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print