Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը:
Ապրիլի 15-ին` ժամը 17:15-ին, վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։
Միջադեպին անդրադարձել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- գրել էր Սիմոնյանը։