Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։

«Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- ընդգծեց Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ, որի  հայտարարված նպատակն էր վերացնել և վտարել հայերին իրենց հայրենիքից։

Եղիշե Կիրակոսյանը մեջբերում կատարեց նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ հետագայում ասված խոսքերից, որտեղ վերջինս նշել էր, որ թշնամու (հայերի) նկատմամբ ատելությունն է ադրբեջանցիներին առաջ շարժում։

«44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում էին էթնիկ հայերին և հպարտորեն նկարահանվում էին իրենց զոհերի առաջ․․․»,- դատարանին հիշեցրեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս բռնությունը և ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց ԼՂ-ի հայերին էթնիկ զտման ենթարկելու և  առնվազն 30 հազար հայերի իրենց հայրենիքից վտարելու համար։

ՀՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այս ամենից հետո Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո և դիմեց դատարանին, որպեսզի վերջինս հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, որոնք դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

Միևնույն ժամանակ, նա հավելեց․ «Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print