Արտակարգ դեպք Սյունիքում․ կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել հողամասում աշխատող հարևանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են հոկտեմբերի 2-ին Սիսիանի հիվանդանոց տեղափոխված Սյունիքի մարզի բնակիչ 55-ամյա Ստեփան Ս-ի վիրավորվելու պատճառը։

Կայքի փոխանցմամբ՝ այդ օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել էին, որ «ձախ ազդրի վերին երրորդի միջային մակերեսի հրազենային կույր վիրավորում» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Ստեփան Ս-ն։

Մինչ Սյունիքի մարզում տեղեկություններ էին տարածել, թե հրազենային վնասվածքը հակառակորդի արձակած կրակոցի հետևանքն է, Սյունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սասուն Ս-ն՝ իրեն ամրակցված «РПК-74» տեսակի ձեռքի գնդացրից։

Տուժողը Որոտնավան գյուղի իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցից վիրավորում է ստացել։ 

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սասուն Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նա «Երկրապահ կամավորականների միության» Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամ է։

Հայտնաբերվել է նաև ձեռքի գնդացիրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print