ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:

ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը:

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն:

 Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ (մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի) ծախսերը հոգալու համար: Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար:

  Փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։ Նպատակի ներքո աջակցություն կուղղվի փախստականների, այդ թվում՝ առավել խոցերի խմբերի (տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան բռնության զոհեր և այլ խմբեր)՝ հանրային ծառայության ոլորտներում ներառման ապահովմանը (կրթություն, առողջապահությունը և սոցիալական աջակցություն)։ Գործողությունները նաև կաջակցեն փախստականների վերապատրաստմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով` նրանց ինտեգրումն աշխատաշուկայում ապահովելու և սոցիալական պաշտպանության ծրագրերն ավարտին հասցնելու համար:  Ընդհանուր առմամբ, ԼՂ փախստականների ավելի երկարաժամկետ, մասնավորապես՝ աշխատաշուկային ինտեգրմանը և կացարանի հետ կապված կայուն լուծումներին առնչվող կարիքները հոգալու համար կպահանջվեն վերլուծական հսկայական ջանքեր՝ հանրային ծառայությունների մատուցման մեխանիզմների ընդհանուր հզորացման նպատակով ապացույցների վրա հիմնված և արդյունավետ քաղաքականություն/ծրագրեր և ներդրումներ մշակելու համար: Հետևաբար, նպատակի ներքո գործողությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, տեխնիկական աջակցություն, վերլուծություն և տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, աջակցություն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցառումներ և համակարգային բարեփոխումների իրականացում քաղաքականության համապատասխան ոլորտներում: Աջակցման միջոցառումների մաս կարող է լինել նաև իրազեկման և տեղեկատվական ներգործության գործողություններին աջակցությունը: 

Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է Համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում: 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում: Այն անմիջականակորեն չի բխում ոլորտային ռազմավարական փաստաթղթերից:

 Նշենք՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը նեռառված է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print