Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին

Իրանը դադարեցրել է որոշ քաղաքներով թռիչքները:

Ապրիլի 19-ի առավոտյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին: Որոշ ժամանակ անց Fars գործակալությունը հայտնել է, որ Իրանի Սպահանի նահանգում պայթյուններ են հնչել:

Դեռևս հայտնի չէ` արդյոք Իսրայելը հարվածներ հասցրել է Սիրիայում ու Իրաքում գտնվող թիրախներին: Fars գործակալությունը հաղորդել է Սպահանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայից ոչ հեռու հնչած երեք պայթյունի մասին: CNN-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին:

Իրանը դադարեցրել է որոշ քաղաքներով թռիչքները: IRNA-ն հաղորդել է իրանական շրջաններից մի քանիսում ՀՕՊ ուժերի աշխատանքի մասին: Թեհրանի օդանավակայանում միառժամանակ չեղարկվել են միջազգային չվերթները:

Press TV-ի աղբյուրները, սակայն, հաղորդել են, որ իրանական որևէ քաղաք օտար որևէ երկրի կողմից հարձակման չի ենթարկվել: Սպահանում բարձր ձայները կապված են եղել հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ՝ կասկածելի առարկաների հարձակումները հետ մղելու համար, հայտնում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ և փակել է Թեհրանի օդային տարածքը` մինչև իշխանություններից հատուկ կարգադրություն ստանալը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print