Հայաստանի տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ․ տեղեկությունը փոխանցում է SputnikArmenia-ն՝ հղում անելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի տարածած հաղորդագրությունը։
Ըստ նախագծի՝ բացի ֆինանսական ներդումից, ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունեն և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ են։
Քաղաքացիություն ստանալու համար հիմք կարող է դառնալ հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը։ Ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոներում մրցանակային տեղեր զբաղեցնելը:
«Առողջապահական բնագավառում էլ հիմք կարող է ծառայել դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը, ռազմական դրության պայմաններում օտարերկրացի բուժաշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը»,-նշվում է հաղորդագրության մեջ: