Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին։
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին եւ արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի եւ նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչեւ մայիս:
«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ եւ վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։
«Ռուբենի եւ Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների եւ միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, եւ դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության եւ մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.
1. Անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։
2. Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչեւ մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, եւ միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:
3. Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի եւ մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգնվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
4. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:
5. COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման: