Ալիևը կմեկնի Մոսկվա, այնուհետև՝ Գերմանիա

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում, հայտնում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ալիևն աշխատանքային այցով է գտնվելու Ռուսաստանում, Պուտինի հետ բանակցությունները նախատեսված են այդ այցի շրջանակում։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում կատարել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են՝ Մոսկվայի բանակցություններից կարճ ժամանակ անց՝ ապրիլի 26–ին էլ Ադրբեջանի նախագահը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print